Մայրենի

Բարոն Մյունխհաուզեն

Երբ փոթորիկը վերջացավ, մենք խարիսխը բարձրացրինք և երկու շաբաթից հետո հաջողությամբ հասանք Ցեյլոն կղզին։

Ցեյլոնի նահանգապետի ավագ որդին ինձ առաջարկեց միասին որսի գնալ։

Ես մեծ հաճությամբ համաձայնեցի։

Մենք ճանապարհ ընկանք դեպի մոտակա անտառը։ Սաստիկ շոգ էր, և պետք է խոստովանեմ, որ եղանակին սովոր չլինելով, շուտով քնեցի։

Իսկ նահանգապետի որդին, որը մի ուժեղ երիտասարդ էր, իրեն շատ լավ էր զգում, նա Ցեյլոնում ապրում էր մանկությունից։

Ցեյլոնի արեգակը նրա համար նշանակություն չուներ, և նա կայտառ քայլում էր շիկացած ավազի միջով։

Ես նրանից ետ մնացի և շուտով անտառի խորքում մոլորվեցի։ Գնում եմ և ինչ-որ ձայն եմ լսում։ Ետ եմ նայում ու տեսնում, որ իմ առջև մի աժդահա առյուծ է կանգնած, որը բերանը բաց է արել և ուզում է ինձ կտոր-կտոր անի։

Ի՞նչ անեի։

Հրացանս լցրած էր մանր կոտորակով, որով կաքավ էլ չես սպանի։ Հրացանս արձակեցի, բայց կոտորակը միայն գրգռեց կատաղի գազանին, և նա կրկին կատաղությամբ ինձ վրա հարձակվեց։

Ես սարսափած սկսեցի փախչել, գիտակցելով, որ փախուստն իզուր է, որ գազանը մի ոստյունով կհասնի ինձ և կտոր-կտոր կանի։ Բայց ո՞ւր փախչեի։ Իմ առաջ գտնվում էր մի հսկա կոկորդիլոս, որը, բերանը բաց, պատրաստ էր նույն վայրկյանին ինձ կուլ տալու։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։

Առջևից՝ կոկորդիլոս, հետևից՝ առյուծ, ձախից՝ լիճ, աջից՝ թունավոր օձերով լիքը ճահիճ։

Մահվան երկյուղով բռնված, ընկա խոտերի վրա և, աչքերս փակած, անխուսափելի մահվան պատրաստվեցի։

Եվ հանկարծ իմ գլխից վերև կարծես մի ինչ-որ բան գլորվեց ու դղրդաց։

Աչքերս բաց արի, և իմ առաջ մի զարմանալի տեսարան բացվեց, որն ինձ մեծ ուրախություն պատճառեց։

Բանից դուրս եկավ, որ առյուծը, ցանկանալով ինձ վրա հարձակվել այն վայրկյանին, երբ ես ընկել եմ խոտի վրա, վրայովս թռել է, ուղիղ կոկորդիլոսի բերանն ընկել։

Մի գազանի գլուխը գտնվում էր մյուս գազանի կոկորդում, և երկուսն էլ ուժերը լարում էին, որ իրարից ազատվեն։

Ես վեր թռա, որսորդական դանակս հանեցի և մի զարկով առյուծի գլուխը թռցրի։ Նրա անկենդան մարմինն ընկավ իմ ոտքերի մոտ։

Հետո, ժամանակ չկորցնելով, հրացանս առա և նրա կոթով սկսեցի զարկել առյուծի գլխին, որ ավելի խոր մտնի կոկորդիլոսի բերանը այնպես, որ կոկորդիլոսը վերջիվերջո խեղդվեց։

երբ նահանգապետի որդին վերադարձավ, շնորհավորեց իմ տարած հաղթանակը անտառի երկու հսկաների դեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով